Սերունդների կապը

Արամայիս Դանիելյան

Հրանտ Դանիելյան

Արամ Դանիելյան

Դավիթ Դանիելյան

Պապս՝ Արամայիս Դանիելյանը 1936 թվականին ձերբակալվում է Աղասի Խանջյանի մահվան մեջ հրապարակավ Լավրենտի Բերիային մեղադրելու համար, իսկ 1937 թվականին աքսորվում է Սիբիր: Իր օրագրում գրում է. «Երևանից մեզ լցրին վագոնները և տարան: Ճանապարհը սարսափելի էր: Երկաթե վագոնները ամբողջովին սառցակալել էին: Ոմանք տաք հագուստով ճամպրուկներ ունեին, սակայն ամբողջովին սառցակալել էին և չէին բացվում: Շատերը չդիմացան և ճանապարհին էլ մահացան, մյուսների դեմքը և վերջույթները ցրտահարվեցին: Երբ հասանք, նաչալնիկներից մեկը բղավում էր «среди вас есть художники?»: Ես գնացի նրա մոտ և ասացի՝ ես եմ: Ասաց հետևեմ իրեն, ես այդ պահին շատ վախեցա ու նույնիսկ փոշմանեցի, որ այդպես ասացի... Երբ եկանք, ասացին որ մի բան նկարեմ, որպեսզի համոզվեն, որ նկարիչ եմ: Ես պատին նկարեցի մեր չքնաղ Սևանա լիճը և Արարատը: Նրանք գոհ մնացին, ասացին կմնաս տնտեսական բաժնում և լոզունգներ, ցուցանակներ կգրես: Երբեմն նաչալնիկները ինձ տանում էին իրենց կացարանների պատերին նկարելու, ես էլ փորձում էի դանդաղ նկարել, որովհետև իրենց մոտ տաք էր, ջեռուցվում էր:» Եթե Արամայիս Դանիելյանը չունենար նկարելու շնորհ, գուցե չկարողանար ողջ մնալ և մենք էլ, որպես իր սերունդ չէինք լինի: Հայրս՝ Հրանտ Դանիելյանը ունենալով բնատուր շնորհ, ստացել է նաև ակադեմիական որակյալ կրթություն գեղանկարչության ոլորտում: Սովորել է Մոսկվայի նկարչական համալսարանում և Կիևի նկարչական տեխնիկումում: Ստեղծագործել է Կապան քաղաքում և Կապան քաղաքի համար, անմահացնելով Սյունիքի խորհրդանիշ Խուստուփ լեռը, կապանյան գյուղերի կենցաղը, քաղաքային փողոցները և մթնոլորտը: Հորս արվեստանոցում ենք սովորել ստեղծագործել ես և եղբայրս՝ Արամ Դանիելյանը: Արամ Դանիելյանը աբստրակտ ոճի գեղանկարիչ է, ում աշխատանքները հայտնի են Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս: Արամի աշխատանքները լայն կիրառություն ունեն ժամանակակից թվային և NFT ձևաչափերում: Այսպես՝ Դանիելյան ընտանիքում արդեն 3 սերունդ գեղանկարիչներ են: Յուրաքանչյուր սերունդ իր ասելիքով, ձեռագրով և հետագծով փորձել է հարստացնել հայկական արվեստը: Կարծում եմ, մեր ընտանիքում նկարիչների նոր սերունդներ լինելու են և այս շարքը դեռ շարունակվելու է:
Scroll to Top